Խաղաղասիրությո՞ւն, թե էթնիկական սկզբունքով խտրականություն

xaxaxasiroutyoun--te-etnikakan-skzbounqov-xtrakanoutyoun

Մարտի 12-ին տեղի ունեցավ երկու կարևոր իրադարձություն՝ կապված արցախյան հակամարտության հետ:

Առաջինի մասին տեղյակ ենք բոլորս: Ստեփանակերտում կայացավ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Օրակարգում երկու կարևոր հարց կար. բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակը՝ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության լույսի ներքո և համատեղ Հայաստան-Արցախ գործողությունների հստակեցում:

Այս առումով, հատկանշական էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արտահայտած մի քանի մտքեր, որոնց մի մասը, ըստ իս, ուղղված էր առավելապես դրսի լսարանին՝ ի դեմս Ադրբեջանի հանրության և, առաջին հերթին՝ հակամարտության կարգավորմամբ զբաղվող կառույցի:

Նախ, վարչապետը նշեց, որ երկու հայկական պետությունների միջև հարաբերությունները «մտնում են որակապես նոր փուլ»: Ընդգծելով, որ Ստեփանակերտին բանակցությունների մեջ ներգրավելը ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքն է, այլ անհրաժեշտություն, ինչպես նաև այն, որ «բանակցային գործընթացում ոչ ոք լիազորություններ և լեգիտիմություն չունի ներկայացնելու Արցախի ժողովրդին», վարչապետը մի կողմից կրկին անգամ հավաստիացրեց, որ Հայաստանը երբեք չի գնա այնպիսի քայլերի, որոնք չեն արտահայտի Արցախի ժողովրդի կամքը: Իհարկե, սա նաև դիվանագիտական ապտակ էր Ադրբեջանի նախագահին, որը սիրում է խոսել «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի անունից»:

Մանրամասնորեն կանգ չառնելով Փաշինյանի ելույթի մեկ այլ կարևոր հատվածի վրա, որը վերաբերում էր առաջիկա բանակցությունների «երեք հիմնական սկզբունքներին և տարրերին», ցանկանում եմ անդրադառնալ խաղաղությանը վերաբերող վարչապետի արտահայտած մտքերին: Մասնավորապես, շատ հավակնոտ հնչեց այն համոզմունքը, թե «ադրբեջանական հասարակությանը պետք է խաղաղության նախապատրաստեն ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ Հայաստանի իշխանությունները»: Եվ դրանից հետո. «Ցավոք… Ադրբեջանի նախագահի կողմից համաչափ քայլեր մենք չենք տեսնում», ինչին անմիջապես հետևում է Նիկոլ Փաշինյանի արտահայտած պատրաստակամությունը՝ երկխոսությունը շարունակել ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև ժողովրդի հետ, քանի որ «համոզված եմ, որ նա նույնքան խաղաղասեր է, որքան հայ ժողովուրդը, Արցախի ժողովուրդը»:

Դե ինչ, բրավո, եթե սա մեսիջ էր Մինսկի խմբի անդամներին: Սակայն հայության համար այս բառերը մի քիչ տարօրինակ են հնչում: Մի երկրում, որտեղ այդպես էլ ձայն չբարձրացրեցին Գուրգեն Մարգարյանի գազանաբարո սպանությունից հետո, ավելին՝ հերոսացվեց ոճիրն իրագործած վայրենին, մի երկրում, որտեղ ոչ ոք չփորձեց նույնիսկ ծպտուն հանել, երբ անարգում էին զոհված Քյարամ Սլոյանի մարմինը և այդ սահմռկեցուցիչ կադրերը հպարտորեն տեղադրում համացանցում, ակնկալել հանդիպում «խաղաղասեր ժողովրդի» հետ՝ ուղղակի իրատեսական չէ:

Իսկ հիմա երկրորդ իրադարձության մասին, որը զարմանալի պատահականությամբ տեղի ունեցավ արդեն նույն երեկոյան: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքէջում հրապարակվեց մի հորդոր- նախազգուշացում՝ ուղղված հայկական ծագումով ՌԴ քաղաքացիներին: Դրանում առաջարկվում է՝ «Ադրբեջան նախատեսվող ուղևորությունից առաջ մանրակրկիտ ծանր ու թեթև անել հնարավոր ռիսկերը», քանի որ՝ «ռուսական կողմի բազմաթիվ հորդորներն ադրբեջանական կողմին՝ Ադրբեջան ժամանող Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ, էթնիակական սկզբունքով խտրական գործողություններ իրականացնելու անթույլատրելիության մասին մատնվում են անուշադրության»: Պատճառաբանությունը՝ Ադրբեջանում «այդպիսի անձանց անձնական անվտանգությունը ապահովելու անհնարիննություն է»:

Ահա այսպիսի խաղաղասիրություն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ