Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Խայտառակություն ադրբեջանական ձևով

xaytarakoutyoun-adrbejanakan-ceov

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄԻԳ-29 կործանիչը, որը պլանային ուսումնա-վարժական թռիչք էր  իրականացնում, հուլիսի 24-իn` ժամը  22:00-ի սահմաններում, ենթարկվել է աղետի: Ինքնաթիռը վարում էր փոխգնդապետ Ռաշադ Աթաքիշիևը: Այդ պահից սկսված փրկարարա-որոնողական աշխատանքներն ութերորդ օրն է՝ որևէ արդյունք չեն տվել: Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը տեսակետ է հայտնել, թե ինքնաթիռը կարող էր աղետի ենթարկվել ռադիոէլեկտրոնային պայքարի  միջոցների կիրառման հետևանքով: Նա նաև տեղեկացրել է, որ նույն ժամերին Կասպից ծովում ռուսական նավատորմիղը զորավարժություններ էր անցկացնում՝ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառմամբ: Ադրբեջանական կործանիչն աղետի է ենթարկվել Ռուսաստանի սահմանից 70 կիլոմետր հեռավորության վրա՝ Բաքվից հյուսիս գտնվող Խիզի շրջանի օդային տարածքում և, ամենայն հավանականությամբ, ընկել է Կասպից ծովը: Սրանով խորտակված կործանիչի և օդաչուի մասին ամբողջ տեղեկատվությունն սպառվում է: Ադրբեջանի պաշտպանության նախարարի գլխավորությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը որևէ այլ տեղեկություն չի փոխանցում, եթե հաշվի չառնենք կարճ հաղորդագրությունը, թե օդաչուի հարազատներն այցելել են ՊՆ և հայտարարել, որ հպարտ են նրանով և համարում են, որ նա հերոս է:

 

Խնդիրը, սակայն, այն չէ, թե Ադրբեջանն ինչպես է սեփական հանրությանը ներկայացնում օդային աղետը: Տոտալիտար երկրում, ինչպիսին Ադրբեջանն է, հնարավոր է վերահսկել տեղեկատվական հոսքերը, մարդկանց հիմարի տեղ դնել և ակնհայտ իրողությունը ներկայացնել տրամագծորեն հակառակ տեսանկյունից: Այդպես էին վարվում նաև ԽՍՀՄ-ում: Բայց դա չէր խանգարում, որ օտարերկրյա հատուկ ծառայությունները կարողանային հստակ պատկերացում կազմել խորհրդային իրականության մասին: Անկասկած է, որ ներկայումս բազմաթիվ երկրների մասնագիտացված կառույցներն ուշի ուշով հետևում են ադրբեջանական կործանիչի խորտակման հետ կապված իրավիճակին և անում համապատասխան եզրակացություններ:

 

Աղետից անցել է ութ օր, սակայն Ադրբեջանի պատկան մարմիններին և համապատասխան ծառայություններին չի հաջողվել պարզել անգամ աղետի ստույգ վայրը, հայտնաբերել կործանված ինքնաթիռը: Ռազմական ոլորտի փորձագետների համար այլևս գաղտնիք չէ, որ ադրբեջանական բանակի  «տեխնիկական հագեցվածության և արդիականության» մասին խոսակցություններն ընդամենը քարոզչություն են: Հակառակ դեպքում խորտակված կործանիչը ժամեր անց կհայտնաբերվեր: Իրավիճակն այնքան փակուղային է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել որոնողական աշխատանքներին Թուրքիային ներգրավելու խնդրանքի մասին: Հասկանալի պատճառներով ռուսական կողմին համանման խնդրանք չի փոխանցվել:

 

Ադրբեջանում կասկածում են, թե բացառված չէ՝ ռուսական ՌԷՊ միջոցները միտումնավոր են գործի դրվել: Կործանված ինքնաթիռը հայտնաբերելու հարցով Թուրքիայից օժանդակության հայցումը բացահայտում է ստեղծված իրավիճակում ադրբեջանական կողմի կատարյալ ամկարողությունը: Իսկ դա իր հերթին ծնում է հարցեր՝ իսկ ու՞ր մնացին զինված ուժերը կապի գերժամանակակից, ներառյալ՝ արբանյակային միջոցներով, կառավարելու մասին պաշտպանության նախարար Հասանովի հպարտ հավաստիացումները: Մասնագետներն ասում են, որ ժամանակակից ռազմաօդային ուժերում օդաչուներն ունենում են էլեկտրոնային «փարոս»: Դա թույլ է տալիս աղետի դեպքում ստույգ տեղորոշել նրանց գտնվելու վայրը և օգնության շտապել: Կործանված ինքնաթիռի օդաչուն չի՞ ունեցել նման «փարոս»: Ըստ երևույթին՝ ոչ: Հակառակ պարագայում նա կհայտնաբերվեր անմիջապես: Մինչդեռ որոնողական աշխատանքներն իրականացվում են, այսպես ասած՝ «կուրության» ռեժիմում՝ մոտավոր պատկերացում անգամ չունենալով, թե Կասպից ծովի ստույգ ո՞ր հատվածում է վայր ընկել ՄԻԳ-29-ը:

 

Այս իրավիճակն, անկասկած, արժանանում է շահագրգիռ ուժային կենտրոնների համապատասխան կառույցների ուշադրությանը: Մեծ է հավանականությունը, որ հարևան երկրները կատրվածից համապատասխան եզրակացություններ են անում, ինչը կդառնա ադրբեջանական բանակի մասին նոր պատկերացումների հիմք: Բաքվում ամենայն հավանականությամբ հասկանում են, որ ՄԻԳ-29-ի որոնման աշխատանքների այս աղաղակող բացը լուրջ հետևանքներ է ունենալու նաև հանրային տրամադրությունների վրա: Մարդկանց աչքի առաջ փլուզվում է տարիներ ի վեր ջանադրորեն ներմուծվող առասպելը:

 

Պարզվում է, որ ադրբեջանական օդուժը ոչ միայն արդիական և հուսալի չէ, այլև համապատասխան ծառայությունները կայացած չեն: Այլապես կարիք չէր զգացվի դիմելու թուրքական կողմի օգնությանը: Պատահարներից ոչ մի երկրի բանակ ապահովագրված չէ: Բայց երբ ութ օր հետո էլ Ադրբեջանում չեն կարողանում հավատանշել խորտակված կործանիչի գտնվելու վայրը, հետևությունը մեկն է՝ Ադրբեջանը միջագայնորեն խայտառակվել է: Որքա՞ն ժամանակ և ջանքեր կպահանջվեն շտկելու իրավիճակը: Առհասարակ հնարավո՞ր կլինի վերականգնել ադրբեջանական օդուժի վարկը: Հազիվ թե:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ