Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ

Դյուամել

Ղազախստանում հակահայկական տրամադրություններ են հրահրվում ադրբեջանցիների ակտիվ միջամտությամբ

am
xazaxstanoum-hakahaykakan-tramadroutyounner-en-hrahrvoum-adrbejancineri-aktiv-mijamtoutyamb

Դեկտեմբերի 31-ի, լույս հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում ծեծկռտուքից հետո ոստիկանությունը քրեական գործ է հարուցվել ազգերի մեջ ատելություն հրահրելու հատկանիշներով: Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով 23-ամյա երիտասարդ է մահացել, երեքը վնասվածքներ են ստացել: Կասկածյալների թվում հայեր կան` Տ. Մ. Մալխասյան, Ս. Ս Մալխասյան, ովքեր կալանավորված են և մեղադրվում են ծանր հանցագործություն կատարելու համար:

Նախօրեին էլ, Ղազախստանում կարճատև ակցիա է տեղի ունեցել, որի ընթացքում առաջարկել են «այրել հայերին»:

Դեպքի առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ղազախստանի Կարագանդա քաղաքում մեր հայրենակիցների անվտանգությունը այլեւս լուրջ խնդիր է դառնում։ Ադրբեջանցիները, իրենց բնորոշ ռամիլսաֆարովությամբ, ներանձնային վեճի արդյունքում տեղի ունեցած ողբերգությունը օգտագործելով, Կարագանդայում հակահայ հսկայական շարժում են սկեսել։ Եւ, կրկնում եմ, այնտեղ ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է։ Ադրբեջանական դրոշներով տարբեր հրեշներ սոցիալական ցանցերում՝ «վառել հայերին» կոչեր են հնչեցնում եւ տեղի ունեցածը փորձ է արվում տրանսֆորմացնել ազգային եւ կրոնական թշնամանքի, ինչի հետեւանքները մենք տեսել ենք Բաքու, Սումգայիթ, Մարաղա եւ բազմաթիվ այլ քաղաքներում։

Ես կարծում եմ, որ մեր արտաքին գերատեսչությունը հատուկ խորհուրդների եւ հորդորների կարիք չունի, սակայն րոպե առաջ անհրաժեշտ է բոլոր հնարավոր խողովակներով ներազդել եւ թույլ չտալ իրավիճակի հետագա սրում՝ ապահովելով մեր հայրենակիցների անվտանգությունը։

Ես չեմ ուզում որեւէ մեկի Սուրբ Ծննդյան տոները հարամել, բայց անհապաղ պետք է պաշտոնական Աստանայի հետ քննարկել ստեղծված իրավիճակը եւ թույլ չտալ, որ ադրբեջանական նախիրը, օգտագործելով տեղի տարբեր խմբերի, հերթական հակահայ շարժումը սկսի, ինչը շատ վտանգավոր զարգացումների կարող է բերել։

Ես վաղը Երեւանում կհանդիպեմ Հայաստանում Ղազախստանի արտակագ եւ լիազոր դեսպանի հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը»,- նշել է նա։

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանն էլ իր էջում գրում է.

«Ղազախստանում պետական մակարդակով հրահրվում են հակահայկական տրամադրություններ։ Համացանցում հայտնվել են ապացույցներ, որ միջադեպի օրը սպանության մեջ կասկածվել են ադրբեջանցիներ, որոնց, սակայն, հետագայում փոխարինել են հայերով։ Ներկայում Կարագանդայում ընթանում են հակահայկական ցույցեր և վտանգված է տեղի հայ համայնքի անվտանգությունը։

ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը կոչ եմ անում անհապաղ միջամտել գործընթացին՝ պետական պաշտպանեւթյան տակ վերցնելով Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչներին։ Հայաստանի Հանրապետությունը պետք է երաշխավորի աշխարհի բոլոր ծայրերում բնակվող և աշխատող հայերի անվտանգությունն ու պաշտպանությունը»։

Բլոգեր Տիգրան Քոչարյանն էլ Ղազախստանում ապրող հայերին կոչ է արել ակտիվանալ, և կանխարգելել ադրբեջանցիների սադրիչ գործողությունները.

«Ժողովուրդ ջան, քանի Ղազախստանում գիշեր ա ու մարդիկ քնած են, մի քանի բան խնդրեմ։ Եթե ունեք Ղազախստանում ղազախ ընկերներ, ծանոթներ, կոլեգաներ և այլն, իրենց հետ շփման մեջ մտեք ու խնդրեք սոցցանցերում ակտիվություն ցուցաբերեն ու փորձեն կանխարգելել ադրբեջանցիների ու տեղացի որոշ թաքգլուխների սադրիչ գործողությունները։

Մեր բոլոր կառույցները ամեն ինչից տեղյակ են ու աշխատում են, տեղի իրավապահները իրավիճակը հիմնականում վերահսկում են, հիմնական գլխացավանքը ցանցերն են։ Հիմնական շեշտը պետք է դնել նրա վրա, որ Կարագանդայում տեղի ունեցած սպանությունը մաքուր կրիմինալ է և ազգամիջյան բախման տանողները ուղղակի սադրիչ են։

Ղազախները հիմնականում «ազգայնականների» կտերը չեն կերել, դրա համար շատ ուշադիր հետևեք ձեր բառապաշարին այս խնդիրը լուսաբանելիս ու մեկնաբանելիս»։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ