Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Խոհարար, ենթավարպետներ, զբոսավարներ. Գյումրու աշխատաշուկայում աշխուժություն է նկատվում (տեսանյութ, լուսանկարներ)

xoharar--entavarpetner--zbosavarner-gyoumrou-asxatasoukayoum-asxoujoutyoun-e-nkatvoum-tesanyout--lousankarner

Գյումրիում արդեն 12-րդ տարին է, ինչ կայանում է գործատուների և աշխատանք փնտրողների հանդիպումը` «Աշխատանքի տոնավաճառում»:

Տոնավաճառային եռուզեռին մասնակցել է նաև ՀԱՅ ՁԱՅՆ-ը:

Շիրակի մարզը վերջին տարիներին գործազրկության ցուցանիշով առաջատարն է ամբողջ երկրում, սակայն վերջին տարիներին աշխատաշուկայում աշխուժություն է նկատվում:

«Այսօր ծառայությունների հետ  կապված աշխատատեղեր շատ կան, որոնք լավ էլ վարձատրվում են: Դրա համար ես խնդրում եմ կառավարությանը, որպեսզի շարունակեն ծրագրերը, նաև քաղաքապետարանի հետ համատեղ կարող եք անել: Աջակցենք, որպեսզի նոր աշխատատեղեր ունենանք»,- տոնավաճառի պաշտոնական բացմանը նկատեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Այս պահի դրությամբ տոնավաճառի ընթացքում գործատուները 300-ից ավելի աշխատատեղեր են առաջարկում: Փնտրում են ծրագրավորողներ, խոհարարներ, մատուցողներ, հացթուխներ և այլն: «Զբաղվածության պետական ծրագրերով մենք փորձում ենք համալրել թափուր աշխատատեղերը: Առաջարկվող ամենամեծ  ոլորտը սպասրակման ոլորտն է` 100 և ավելի առաջարկվող աշխատատեղերով, այդ թվում մատուցողներ, խոհարարներ, վարսահարդարներ, վաճառողներ: Իր մեծությամբ երկրորդ առաջարկվող աշխատատեղերը  արտադրության ոլորտում են, որտեղ և՛ կարողներ, և՛ տարբեր սարքավորումների վրա աշխատողներ՝ ենթավարպետներ են պահանջվում: Հետո արդեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է. նոր ընկերություն է բացվում Գյումրիում»,-լրագրողներին փոխանցեց Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը:

Շիրակի մարզում տեքստիլ արտադրության ոլորտում առաջատար ընկերություններից «Լենտեքսը», որն այժմ 400-ից ավելի աշխատակազմ ունի, այս պահին  էլ տոնավաճառին ներկայացրել էր ենթավարպետների, կարի մեքենաների օպերատորների աշխատատեղերի առաջարկով:

«Այժմ գործողների, վերափաթաթողների, ենթավարպետների կարիք ունենք, հետագայում նույնպես ընդլայնվելու ենք, նոր աշխատատեղեր ենք ստեղծելու, որի արդյունքում նորից գործազուրկներ կտեղավորվեն աշխատանքի: Հիմա 30-ին ենք փնտրում, մեծանալիս 500-ը կանցնենք, հաստատ: Կան մասնագիտութուններ, որոնք դժվար են համալրվում, պատրաստի մասնագետներ չկան, բայց մեզ մոտ կանցնեն փորձաշրջան»,- «Լենտեքսի» ներկայացուցիչ Սուսաննա Աստոյանը փոխանցեց ՀԱՅ ՁԱՅՆ-ին:

«Ցայգ» մարզային հեռուստաընկերությունը, հավատարիմ մնալով աշխատանքի տոնավաճառին մասնակցելու իր սովորույթին, ներկայացել էր լրագրողների, եթերի թողարկիչների և այլ աշխատատեղերի առաջարկով:

«Հիմնականում լրագրողի աշխատանք, ռեժիսոր-մոնտաժողների, վաճառքի մենեջերների, եթերի օպերատորի և ինտերնետային նյութերի լրագրողի թափուր հաստիքներ ենք ներկայացրել: Հեռուստաընկերության աշխատակիցներին հիմնականում տոնավաճառից ենք գտնում, չեմ ասում բոլորին, բայց գտնում ենք»,-նկատում  է ընկերության գլխավոր պորդյուսեր Էլյանորա Ավետիսյանը:

Ուսանողուհի Սիրանուշ Խաչատրյանը հենց հեռուստաընկերության  տաղավարում թողեց իր հայտը, քանի որ լրագրության երրորդ կուրսում է սովորում, բայց արդեն աշխատանք է փնտրում. «Կուզենայի հենց  իմ մասնագիտությամբ  աշխատել: Ճիշտ է, ուսանող եմ, դեռ երրորդ կուրսում եմ սովորում և չեմ ավարտել ուսումս, բայց կուզենայի հմտանալ»:

Կան նաև դայակների, մանկավարժների թափուր աշխատատեղեր, որոնց պայմաններին ծանոթանում է մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

 

Գյումրին զբոսաշրջային քաղաք դառնալու ճանապարհին է և, բնական է, որ մեծանալու է զբոսավարների պահանջարկը: «ԿԱԶԱ» շվեյցարական, մարդասիրական Գյումրու կենտրոնի աշխատակից  Մարինա Մուրադյանն է ՀԱՅ ՁԱՅՆ-ի  հետ կիսվում այս փաստով. «Շուտով պետական ծրագրով  պետք է զբոսավարների պատրաստման դասընթաց իրականացնենք, որը հնարավորություն կտա մասնակիցների 50 տոկոսին ծառայության մատուցման պայմանագրով որոշակի զբաղվածությամբ աշխատանքի տեղավորել: Հիմնադրամն ավելի քան 10 տարվա ոլորտային փորձ ունի, ուստի մենք օգնում ենք մարդկանց  աշխատանք գտնել, իսկ սա բացառիկ հնարավորություն է»:

Ամասիայի բրդի գործարանը ևս աշխատակիցների է հրավիրում, իսկ առաջարկները տարբեր են. «Այս պահին ֆինանսական տնօրենի տեղ ունենք, իսկ սպասելիք  աշխատատեղերի մեջ  բրդի տեսակավորողի, բրդի լվացողի, ներկողի: Գործարանը 23 աշխատող է ունենալու, հիմա համալրման փոլում ենք: Բավականին հետաքրքրում է Ամասիայի  հարակից գյուղերի բնակչությանը, սակայն միջհամայնքային  տրանսպորտի խնդիր կա»,- բացատրում  է Ամասիայի բրդի գործարանի ներկայացուցիչ Մարինե Մանուկյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ