Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Խորանաշատի ավետարանը՝ Մատենադարան-Գանձասարում

am
xoranasati-avetarane-matenadaran-gancasaroum

Մատենադարան-Գանձասարում է ցուցադրվում 1224 թ.-ի Խորանաշատի ավետարանը (Ձեռ. 4823, Ավետարան, Խորանաշատի վանք):

 

1224 թվականին Խորանաշատում Ջաջուռ Խաղբակյանի դստեր և Կուկ Սևադյաց իշխանի կնոջ՝ Վանենու պատվերով է գրվել ու նկարազարդվել այս մագաղաթյա երկաթագիր Ավետարանը, որը վանքի անունով կոչվում է «Խորանաշատի Ավետարան»: Հայտնի չեն ձեռագրի գրիչն ու ծաղկողը: Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնից տեղեկանում ենք, որ ձեռագիրն ունի չորս ավետարանիչների պատկերներ, ութ խորաններ, կիսախորաններ, զանազան լուսանցազարդեր: Ծաղկողն օգտագործել է ոսկի և բազմազան գույներ: Ձեռագրի հետագա ճակատագրի մասին հաղորդումները նրա գերեվարումների և փրկագնումների մասին են: Ըստ Կիրակոս Գանձակեցու՝ Վանական վարդապետը, 1229 թվականին Ջալալեդդինի արշավանքներից խուսափելով, ապաստանում է Լորուտ գյուղի մերձակա մի քարայրում, այստեղ էլ շարունակում է ուսուցանել:

Մոնղոլներն իմանում են Վանականի տեղը, պաշարում են քարայրը 1236 թվականին, ուսուցչապետին և աշակերտներին, որոնց մեջ էր նաև Կիրակոս Գանձակեցին, գերեվարում են՝ իրենց հետ տանելով ողջ գույքը՝ շուրջառներ, արծաթյա խաչեր, անոթներ և երկու արծաթակազմ Ավետարան, որոնցից մեկը այս գեղեցիկ մագաղաթյա մատյանն է: Որոշ ժամանակ անց մեծ փրկագնով Գագ բերդի բնակիչները ազատում են Վանական վարդապետին, իսկ Կիրակոսը, որ մոնղոլների բանակում թարգմանիչ ու գրագիր էր, փախչում է ու ապաստանում Նոր Գետիկի վանքում: Վանականը նորոգում է Խորանաշատը, վերականգնում դպրոցը և նորից սկսում է ուսուցանել: Մոնղոլների կողմից գերված երկրորդ ձեռագրի ճակատագիրը ցայսօր անհայտ է, իսկ «Խորանաշատի Ավետարանը» 1238 թվականին Տփխիսում մոնղոլները հանում են աճուրդի:

Բարեբախտաբար, այստեղ է լինում նաև Վանական վարդապետը, որը մեծ փրկագնով ձեռք է բերում մատյանը և վերադարձնում Խորանաշատ: Նրա ձեռքով է գրված Ավետարանի հետագայի հիշատակարանը. «Ես՝ Վանականս, գրեցի իմով ձեռամբս ի Տփխիս քաղաքի՝ ի դրան Սբ. Քառասնիցս, զի գերեալ էր Աւետարանս ի Տաւշոյ ի Մուղան ի թաթարեն, եւ յետ երից ամաց բերեալ անվնաս վաճառեցին ի ՈՁԷ (1238) թուիս, որ փառաւոր աւագէրէց Սարգիս, հասարակ պատուական քահանայիւք և աստուածասէր ժողովրդական տանուտէրաւք բազում ծախաւք և աշխատութեամբ գնել ետուն ի մեզ»:

1517 թվականին Ավետարանը տարվում է Տաթև, որտեղ Ալեքսանոս աբեղան ոմն Ղասումի խնդրանքով փոխում է արծաթյա կազմը, նոր կոստղազարդ կաշվե կազմ է դնում՝ մետաղյա անկյունազարդերով և Ա փեղկին մետաղյա մի խաչ: Մատյանն այս կազմով էլ հասել է մեզ: 16-րդ դարում նորից գերվում է ձեռագիրը և փրկագնվում մելիք Հովասափի կողմից ու ընծայվում Վանի Սբ. Վարդան Զորավար եկեղեցուն: 1915 թվականին բանասեր Ս. Տեր-Ավետիսյանը Վանում տեսնում է Ավետարանը և նահանգապետ Դիտմենի միջնորդությամբ ուղարկում է Սբ. Էջմիածին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ