Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Խուլ և անհաղորդՙ ազդեցության գոտիների համար պայքարի կիզակետում

am
xoul-e-anhaxord-azdecoutyan-gotineri-hamar-payqari-kizaketoum

Անցյալ ուրբաթ օրվանից Թբիլիսում ծավալված դեպքերը երկակի կամ բազմակի ընկալման արժանացան Հայաստանում: Մեծամասնության կողմից վրաց խորհրդարանի դիմաց տեղի ունեցող դեպքերը դիմավորվեցին հանդիսատեսային հետաքրքրասիրությամբ. ջրային թնդանոթները, արցունքաբեր ռումբերը, կապրոնե փամփուշտները, ոստիկանների կուռՙ բայց տեղ-տեղ ընկրկող շարքերը, մոլեգնած ամբոխը, հակառուսական պլակատները (սխալ անգլերենով գրված), վիրավորները, ձերբակալվածները, որոնց շարքումՙ մի քանի հայ, դարձան այն իրադարձությունները, հար եւ նման, օրինակ, Փարիզի փողոցներում «դեղին ժիլետավորների» ու ոստիկանների բախումներին, որոնց միշտ էլ հեռուստատեսությամբ հետեւում ենք մեծ հետաքրքրությամբ: Նույնիսկ խորհրդարանի խոսնակ Իրագլի Քոբախիձեի հրաժարականը, բողոքավորների ճնշման տակ, չգրավեց հայ հասարակության ուշադրությունը, իսկ մեր ներքաղաքական բանավեճերում, ավելի ճիշտՙ Նիկոլ-հականիկոլ, Քոչարյան-հակաքոչարյանական հակաճառություններում վերջին ժամանակահատվածում բլբուլ դարձած քաղաքագետները, փորձագետներն ու վերլուծաբանները, ընդամենը մի քանի բացառություններով, մնացին լուռ հանդիսատեսի դիրքում, ըստ երեւույթին վախենալով հանձնառու կեցվածք ունենալուց:

Մեր հասարակության մեջ որոշ աշխուժություն նկատվեց ձեռներեց խավի մոտ միայն, որին ոգեւորել էր նախագահ Պուտինի հայտարարած հուլիսության ժամկետին ընդառաջՙ նախորդ տարի Վրաստան այցելած շուրջ 1,5 միլիոն ռուսաստանյան զբոսաշրջիկներին դեպի Հայաստան ներգրավելու, վրացականի փոխարեն հայկական գինին Ռուսաստան արտահանելու բնական շահագրգռվածությունը:

Որոշակի շահագրգռություն ցույց տվեց նաեւ, դարձյալ բնականաբար, Կոբուլետիում կամ Բաթումիում ամեն տարի ծովափնյա հանգիստ վայելողների հայկական բազմամարդ բանակը, որին առավելաբար կամ միայն հետաքրքրում էր վրաց ճանապարհների անվտանգության հարցը:

Աններելի անտարբերություն եւ մի հատվածով էլ ձախավերություն թույլ տվեց նաեւ հայրենի իշխանությունը, որը խուսափեց մեր պատմական հարեւանի եւ, մյուս կողմից, ռազմավարական դաշնակցի միջեւ սրված հակամարտության առնչությամբ պաշտոնական հայտարարությամբ հանդես գալուց, չխոսելով տակավին միջնորդական առաքելություն ստանձնելու քաղաքական-դիվանագիտական պարտականության մասին: Ըստ էության մեր կառավարությունը հեռու է նման առաքելություններ ստանձնելու մակարդակից, եւ նման պարագաներում հազիվհազ կարողանում է, իր ներկայացուցիների միջոցով, ԵԽԽՎ-ում, այն էլ մեզ համար դժվարին այս օրերին, «սխալ» կոճակ սեղմել կամ սեփական գլուխը ցավեցնելով քվեարկության ժամանակ բացակայել...

Այնինչ ճիշտը պիտի լիներ այն, որ առնվազն մեր բարի կամքը, խաղաղ համակեցությանը եւ համագործակցությանը մեր նվիրվածությունը շեշտելու նկատառումով զույգ պատվիրակություններ ուղարկած լինեինք Թբիլիսի ու Մոսկվա, գոնե ձեւականորեն:

Փոխարենը, պէտք է ընդունել փաստը, մեր իշխանությունները կարողանում են անսպառ եռանդով հասարակությանը զբաղեցնել «բռնոցի-բաց թողեցի-էլի բռնոցի» կոչված սերիալներով, թթու խոսք ասող ազգային հերոսներին պատժելով, աբիժնիկ եւ նախապես գործը ձախողած զինվորականներին պաշտոնի կոչելով, «անցումային» հաշվեհարդարներով, դատարանները, այդ թվումՙ Սահմանադրականը, դրսից թե ներսից գրավելով, ու նմանատիպ տեսարաններ սարքելով: Այսինքն ամեն բանով, բացի իրենց բուն գործից:

Իսկ գործը, գործերը, ես չէ որ պիտի ասեմ, ահռելի շատ են, ե՛ւ ներսում, մեր հասողության սահմաններում, ե՛ւ դրսումՙ մեր հասողության սահմաններից հեռու: Մինչդեռ ներսի ամրությամբ դրսի սպառնալիքներից պաշտպանվելու արագ եւ ազդու քայլեր են հարկավոր: Քանզի դրսի պատկերին նայելն անգամ վախազդեցիկ է, մանավանդ երբ գտնվում ես կիզակետում: Ամերիկյան մի քանի ռումբ Իրանի վրաՙ կհրդեհվի ողջ Պարսից ծոցն ու Մերձավոր Արեւելքը, ընդհուպ կփակվի Հարավային մեր դարպասը: Թբիլիսի-Ռուսաստան լարվածության նոր մագլցումըՙ կարող է խնդրո առարկա դարձնել դեպի Վրաստան մեր անցուղիներն ու Լարսի անցակետը: Հայնժամ, շնչահեղձության մատնված մեր երկրին պարտադրված կլինի թուրք-թյուրքական բորենիներին դիմագրավելը: Ճիշտ է, համանման կացություններ դիմագրավել ենք, նորի՛ց կարող ենք, բայց ի՜նչ գնով:

Այս օրերին շատերն են մտածումՙ Աստված է պահում Հայաստանը: Բայց Աստված երբեմն սովորություն ունի հիշեցնելու, որ ինքը մեզ բանականություն է տվել նաեւ:

Ուրեմն գործածենք մեր բանականությունը:

 

Հակոբ Ավետիքյան/ԱԶԳ

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ