Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Զանգվածային «դեպորտի» ժողովրդավար դեմքը

zangvacayin-deporti-joxovrdavar-demqe

 

Վերջին օրերին զանգվածաբար Հայաստան են վերադառնում եվրոպական տարբեր երկրներում, մասնավորապես, սկանդինավյան պետություններում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, կիսալեգալ կամ ամբողջովին անլեգալ պայմաններում գտնվող մեր հայրենակցիները: Ավելի ճիշտ, ոչ թե վերադառնում են, այլ ուղղակի դեպորտացվում տեղի իշխանությունների կողմից:

 

Առաջին հայացքից եվրոպացիների այս հակաժողովրդական քայլը, սակայն, միանգամայն համապատասխանում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված և դեռևս 5 տարի առաջ ուժի մեջ մտած համաձայնագրի պահանջներին, որոնք պարտադրում են մեր երկրին վերադարձնել այն քաղաքացիներին, որոնք խախտել են մուտքի կամ կեցության կանոնները Եվրամիության երկրներից որևէ մեկում:

 

Թաքցնելու բան չկա, որ ԽՍՀՄ փլուզումից հետո մեր քաղաքացիները տուն ու տեղ վաճառելով զանգվածաբար լքում են հայրենիքը՝ իրենց և զավակների երջանկությունը փնտրելով օտար ափերում: Եվ եթե առաջին տարիներին ոմանց հաջողվեց բելգիաներում և հոլանդիաներում ձեռք բերել կեցության իրավունք, իսկ ամենահաջողակներին՝ նաև քաղաքացիություն, ապա հետզհետե գործընթացներն ավելի ու ավելի դժվարացան: Եվ չնայած դրան, հայաստանցիներից շատերը տարիներով պատրաստ են ժամանակավոր ճամբարներում գոյատևելով դիմանալ ամեն տեսակի անհարմարությունների, նույնիսկ նվաստացումների, միայն թե չվերադառնան հայրենիք, որտեղ նրանցից շատերն այլևս բնակարան էլ չունեն:

 

Ինչևէ, չնայած բոլոր դիմադրություններին, դեպորտացման գործընթացներն ահագնանում են: Վերադարձվում են նույնիսկ մարդիկ, որոնք մեկնել էին արտասահման՝ բուժում ստանալու նպատակով, նույնիսկ ծանր հիվանդները: Վերադարձվում են մարդիկ, որոնք հանձնվել էին՝ պնդելով, որ Հայաստանում հետապնդվել են սեռական փոքրամասնություններին պատկանելու կամ քաղաքական ընդդիմություն հանդիսանալու պատճառով: Վերադարձվածները միաբերան պնդում են, որ այս խստացումները և իրենց «դեպորտը» պայմանավորված են թավշյա հեղափոխությամբ, քանի որ տեղերում իրենց

 

հայտարարվում է, որ Հայաստանն այսօր լիարժեք ժողովրդավարական պետություն է, և չկա այլևս ոչ մի խոչընդոտ հետ գալու համար:

 

Միակ երկիրը, որն առայժմ ըմբռնումով է մոտենում մեր հայրենակիցների խնդիրներին, Ռուսաստանի Դաշնությունն է: Գաղտնիք չէ, որ այնտեղ գտնվող հայաստանցիների առյուծի բաժինն էլ օրինական գրանցում չունի, ընդ որում սա վերաբերում է ինչպես անհատներին, այնպես էլ ընտանիքներով մեկնած քաղաքացիներին: Այդ մարդիկ, ամենամեղմ հաշվարկներով, կազմում են մոտ 1 միլիոն մարդ: Աստված մի արասցե, եթե «ժողովրդավարությունից հեռու» Ռուսաստանն էլ «ժողովրդավար» եվրոպացիների նման հանկարծ որոշի, որ մեր երկրում այլևս խնդիրներ չկան:

 

Վերջում ցանկանում եմ միջին և ավագ սերնդի հայրենակիցներիս հիշեցնել Արտաշես Քալանթարյանի պիեսի հիման վրա նկարահանված «Բացեք ձեր աչքերը» հեռուստաներկայացումը՝ Խաչիկ Նազարեթյանի և Դոնարա Մկրտչյանի անզուգական կատարմամբ: Այն հայրենիքի սիրո և կարոտի մասին է: Իսկ մյուսներին խորհուրդ կտամ մի երկու ժամով կտրվել սոցցանցերում իրար հայհոյելուց և դիտել այս ներկայացումը՝ այն տեղադրված է յութուբում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ