Զարեհ Սինանյանը ՌԴ-ում ապրող հայ ակտիվ երիտասարդներին հրավիրեց սերտ համագործակցության

am
zareh-sinanyane-rd-oum-aprox-hay-aktiv-eritasardnerin-hravirec-sert-hamagorcakcoutyan

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր մոսկովյան այցի շրջանակներում հուլիսի 19-ին հանդիպեց «Ռուսաստանի հայերի միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամների հետ: Հանդիպումը տեղի ունեցավ «Նիկոլսկայա» հյուրանոցի հանդիպումների սրահում:

Ինչպես տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, Զարեհ Սինանյանին դիմավորեց և այնուհետև բացման խոսքով հանդես եկավ ռուսաստանաբնակ գործարար, Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանը: Նա մասնավորապես անդրադարձավ Հայաստան-սփյուռք հարաբերություններում ճիշտ կառուցվածքային մեխանիզմի մշակման կարևորությանը և խոսեց նոր Հայաստանում արդարության վերջնական վերականգնման անհրաժեշտության մասին: Այնուհետև կազմակերպության հիմնադիրները, ներկայանալով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին, ներկայացրեցին ՌՀՄ ստեղծման պատմությունը, հիմնական նպատակները և կառուցվածքը, նշելով, որ ՌՀՄ-ն բաղկացած է Ռուսաստանի հայերի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների միավորումից, որն իրենից ներկայացնում է ցանցային կառույց: Այն կոչված է զբաղվելու ՌԴ հայերի խնդիրներով և օտար միջավայրում հայերի վարկանիշի բարձրացմամբ: Իրենց առանձին ելույթներում հասարակական կազմակերպության անդամները հանդես եկան մի շարք հետաքրքիր առաջարկներով:

Զարեհ Սինանյանը կարևորեց ՌԴ-ում ապրող հայ երիտասարդների հասարակական ակտիվ կեցվածքը և հրավիրեց նրանց սերտ համագործակցության` հատուկ նշելով, որ այդ համագործակցության ակունքում երիտասարդները կարող են շփվել այլ երկրներից Հայաստան եկած և Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում ժամանակավոր, կամավորական հիմունքներով աշխատող իրենց հասակակիցների հետ:

Հանդիպումը շարունակվեց հարց-պատասխան ձևաչափով և ավարտվեց հյուրասիրությամբ ու համատեղ նկարով:

Լրահոս

Նմանատիպ նորություններ