Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է իր շուրջ հնչած քննադատություններին

am
zohrab-mnacakanyann-andradarcel-e-ir-sourj-hncac-qnnadatoutyounnerin

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նախօրերին BBC HardTalk հաղորդաշարին տված հարցազրույցի շուրջ հնչած քննադատություններին:

Մնացականյանի պատասխանը ներկայացնում ենք ստորև.

«Հարց. Պարո՛ն Նախարար, BBC HardTalk հաղորդաշարին տված Ձեր հարցազրույցը վերջին օրերին շատ է քննարկվում, և կան շատ հակասական գնահատականներ։ Քննադատները մասնավորապես Ձեզ մեղադրում են, որ Դուք չեք արձագանքել հաղորդավարի այն պնդմանը, որ Արցախը Հայաստան չէ, և այդ ուղղությամբ են շատ խոսում։ Կխնդրեի Ձեր պատասխանը, Ձեր արձագանքը։

 

Պատասխան. Շնորհակալություն հարցի համար։ Իրականում շատ ուրախ էի գրանցելու, որ Հայաստանը բացառություն չի. նման հաղորդումը ժողովրդավարական երկրում, իր յուրահատկությունը հաշվի առնելով, ներքաղաքական դեբատի առիթ է դառնում, ոչ միայն Հայաստանում, և այդ առումով ես շատ ուրախ եմ, որ ևս մեկ անգամ գրանցում ենք, որ Հայաստանում առկա է բազմակարծություն, կարծիքների բազմազանություն, գոյություն ունի քննադատություն, գոյություն ունի նաև աջակցություն։ Ես էլ նկատեցի, որ բավական դինամիկ քննարկում է եղել Հայաստանում, ինչը միայն ու միայն ողջունելի է և ի ցույց է դնում այն ամենը, ինչի վրա մենք պնդում ենք՝ բազմակարծություն, ժողովրդավարական հիմքերի առկայություն, ժողովրդական դեբատի, առողջ քննադատության, առողջ հասարակության կարողությունների ամրապնդում։

 

Եվ շատ ուրախ եմ տվյալ հարցազրույցին մասնակցելու իմ համաձայնության համար՝ ամբողջությամբ գիտակցելով, թե ինչ ոճի հարցազրույց է, ուրախ լինելով գնալ այնտեղ՝ ամրագրելու այն դիրքորոշումները, որոնք բխում են մեր շահերից, որոնք վերաբերվում են մեզ, հաշվի է առնվել նաև այն, որ դա բավական դինամիկ եկխոսություն է լինելու։ Իմ առաջին կետը դա է։ Շատ ուրախ եմ, որ Հայաստանում սա առաջ է բերել բավական ակտիվ քննարկում, որն ինձ համար արտահայտություն է առաջին հերթին կարծիքների բազմազանության, և այդ առումով նաև շնորհակալ եմ. տարբեր կարծիքներ են եղել, քննադատական, կառուցողական քննադատության մեջ, և ինձ համար նաև շատ օգտակար էր լսել այդ ամենը։

 

Ինչ վերաբերում է Ձեր բուն հարցին, հուսով եմ, որ բոլորն են կիսում այդ դիրքորոշումը, այն կարծիքը, որն արահայտվել է նաև ծրագրում, որ Արցախի հիմնահարցի հիմքում ընկած են մեզ համար ամենակարևորագույնը՝ Արցախի ժողովրդի անհատական և ընդհանրական իրավունքները, այդ թվում ինքնորոշման իրավունքի իրականացումը, Արցախի ժողովրդի անվտանգությունը և կարգավիճակը։ Կարծես թե մենք բազմիցս սրա մասին խոսել ենք և արտահայտել ենք դա բոլոր հարթակներում, ներառյալ այս շատ յուրահատուկ ոճ ունեցող ծրագրում։ Սա է խնդրի էությունը։

 

Բոլորիս համար նաև շատ պարզ է և նորություն չէ, որ Լեռնային Ղարաբաղի հարցը տարածքային վեճի հարց չէ. մեզ համար սա անվտանգության և կարգավիճակի հարց է։ Եվ այստեղ մեզ համար, առաջնային մեր մտահոգությունը վերաբերում է մարդուն՝ իր անհատական և հավաքական իրավունքներով և առաջին հերթին, կարգավիճակը որոշելու իրավունքով: Կարգավիճակ և անվտանգություն. կարծես թե բոլորի համար գաղտնիք չէ, որ դրանք մեր մշտապես առաջ մղվող կետն են։ Բնականաբար, Արցախը, ինչպես Հայաստանի Հանրապետությունը տարածք է, որտեղ ապրում են հայեր: Որպեսզի այն մնա պատմական հայկական տարածք, անհրաժեշտ է, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը և ինքնորոշման իրավունքը պաշտպանվեն այսօր և ապագայում:

 

Մենք եղել և մնում ենք միջազգային հանրության լիարժեք անդամ, եղել և մնում ենք Արցախի անվտանգության երաշխավորը: Նորից որևէ նոր բան, կարծես թե, այստեղ չի ասվել: Սա է ուղերձը, և այս ուղերձը եղել և մնում է այն հիմնականը, որը տարբեր առիթներով, տարբեր ձևաչափերով, տարբեր մեթոդներով շարունակելու ենք ամրապնդել բոլոր հնարավոր ձևերով, որը հնարավորություն է տալիս ավելի սփռելու սա և ավելի հասանելի ու մատչելի դարձնելու միջազգային հանրության որքան հնարավոր է լայն շրջանակների: Սա մեր մեթոդն է, սա մեր քաղաքականությունն է, որն առանց որևէ կաշկանդման շարունակելու ենք՝ շատ լավ գիտակցելով, թե ինչ տեսակի հեռուստածրագիր է, և շատ լավ գիտակցելով դրա առավելությունը, որ նման ոճի մեջ հնարավոր է լինելու ավելի դինամիկ ձևով արտահայտվել: Կան տարբեր կարծիքներ: Կարծիքները շատ օգտակար են, բայց իմ առաջնային խնդիրը եղել է այն, որ առավելագույնս սփռենք այն, ինչը մեզ համար առաջնահերթություն է:

 

Սա առաջին առիթը չէր: Այս մեկ ու կես տարվա ընթացքում բազմաթիվ առիթներ են եղել խոսելու միջազգային հանրության հետ տարբեր միջոցներով, ներառյալ՝ մամուլի միջոցով: Սա շարունակվելու է, և նորից փնտրելու ենք նոր առիթներ, որպեսզի շարունակենք սփռել այն, ինչը մեզ համար առաջնային է: Մենք նոր, տարբեր բաներ որևէ տեղ չենք ասում: Եվ այն, ինչ մենք ասում ենք, մեր ներքին, ներքաղաքական դեբատում առավել քան հայտնի է, և առավել քան ակտիվ քննարկում ենք մեր ներքին դեբատների մեջ: Եվ այդ առումով շնորհակալ եմ Ձեզ հարցի համար:

 

Ցանկանում եմ կրկնել, որ շնորհակալ եմ, որ ի հայտ եկավ այն, ինչն ամենակարևորն է. մեր հասարակությունը շատ դինամիկ է, բազմակարծիք և բազմազան է, և դա արտահայտելու բոլոր միջոցները կան: Եվ սա ամենակարևորն է այս ամենի մեջ: Մենք բացառություն չենք: Նման ծրագրերում ներգրավվելը մեր նման հասարակություններում առաջացնում է ներքին, ներքաղաքական դեբատ: Սա ես համարում եմ մեր ժողովրդավարության հիմքերի ևս մեկ արտահայտություն, թե ինչպես է մեզ մոտ կառուցվում և ընթանում ներքին, ներքաղաքական դեբատը: Միայն շնորհակալ եմ»:

Լրահոս

Նմանատիպ նորություններ