Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Զորաց քարերի շուրջ աղմուկը չի նվազում

zorac-qareri-sourj-axmouke-ci-nvazoum

Զորաց քարե՞ր, թե՞ Քարահունջ, դամբարանադա՞շտ, թե՞ աստղադիտարան. այս հարցերը մի քանի տարի է՝ բուռն բանավեճի թեմա են դարձել ինչպես Հայաստանի գիտական շրջանում, այնպես էլ հասարակության տարբեր շերտերում: Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս գտնվող պատմական վայրի վերաբերյալ աղմուկը մինչ օրս չի նվազում: Այսօր տեղեկացանք, որ ակտիվիստենրի այն խումբը, որը պնդում է, թե Զորաց քարերի կամ «Քարահունջի» տարածքում իրականացվում են ավերիչ պեղումներ, կրկին ասուլիս է հրավիրել: Նրանք պատրաստվում են կոչով դիմել ազգային արժեքները գնահատող հայրենակիցներին՝ պաշտպան կանգնել «Քարահունջին»:

Նշենք, որ ակտիվիստների նույն խումբը մի քանի անգամ նույն հայտարարությամբ ելույթներ է ունեցել՝ պնդելով, որ Զորաց քարերը կամ ինչպես իրենք են անվանում՝ Քարահունջը, ոչ թե հնագույն դամբարան է, այլ աստղադիտարան, որտեղից մարդիկ քարերի վրայի անցքերի միջով աստղերին են նայել։

Նշենք, որ այս տեսակետն առաջ է քաշել ռադիոտեխնիկ, աստղագետ Պարիս Հերունին: Ըստ նրա՝ կախված նրանից, թե  երբ և ինչ աստղեր էին երևում քարերի վրայի անցքերից, որոշում էին գարնանային և ամառային  գիշերահավասարի օրերը, ինչպես նաև բազմաթիվ այլ օրեր։ ։

Աստղագետի այս կարծիքը հերքում են հնագետները, ովքեր տարիներ շարունակ պեղումներ են իրականացրել պատմական տարածքում: Հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի պնդմամբ՝ աստղադիտարան կամ աստղագիտական տաճար հորջորջվող կառույցն իրականում ուշ բրոնզի դարին կամ շրջափուլին վերաբերող դամբանադաշտ է:

«Դամբարանը, որտեղ աշխատում ենք, ունի իր քարաշար կրոմլեխը, որը շուրջ 18 մ տրամագծով առանձնացված տարածք է: Արեւմտյան կողմից սկսում է դամբարանի ստորգետնյա մուտքը (դրոմոսը), ձգվում է դեպի արեւելք 7 մ եւ ավարտվում ուղղանկյուն դամբանախցով, որի երկարությունը մոտ 6,5 մ է, լայնքը՝ մոտ 3 մ, խորությունը՝ 2,10 մ: Այդ դամբանախցում, իհարկե խառնված վիճակում, հայտնաբերվել են միջին բրոնզի դարաշրջանի, ուշ բրոնզի դարաշրջանի, երկաթի դարաշրջանի եւ աքեմենյան շրջանի նյութական մշակույթի մնացորդներ: Այսօրվա տվյալներով ունենք նաեւ երեք մարդու գանգի մնացորդներ (մարմինները չեն պահպանվել) եւ խոշոր ու մանր եղջերավոր անասունների մի քանի արկղ ոսկորներ՝ թաղման ծեսի ժամանակ զոհաբերված կենդանիների մնացորդներ»,- պնդում է Փիլիպոսյանը:

Ինչ վերաբերում է Պարիս Հերունու տեսակետին, Փիլիպոսյանի դիտրակմամբ, դա ընդամնեը կարծիք է, բայց ոչ տեսություն: Նրա խոսքով՝ Պարիս Հերունու կարծիքը կիսում են ոչ մասնագետները. ցույց տվեք մի հնագետ, որ համաձայն է նրա հետ:

Հերունու տեսակետին Փիլիպոսյանը հակադրում է իրենց հետազոտությունները, նշելով, որ Զորաց քարերը Անդրկովկասի մեգալիթյան եզակի հուշարձաններից է. զբաղեցնում է մի քանի տասնյակ հեկտար տարածք: Հիմնական մասը գտնվում է Դառը (Դար) գետի (Որոտանի վտակներից է) ձորի ձախակողմյան քարափի բարձունքում՝ ծովի մակարդակից 1770 մ բարձրություն ունեցող սարահարթում, եւ բաժանված է երկու մասի: Հարավային հատվածը դամբանադաշտ է, հյուսիսային մասը՝ բնակավայր, որն էլ ունի պաշտպանական պարիսպ՝ իր որմնահեցերով, հետքերն էլ պահպանված են:

Ըստ ավանդազրույցների՝ մեծ քարակույտերի խորքում առաջնորդներ են թաղված, իսկ ուղղահայաց կանգնեցված հսկա քարաբեկորների տակ՝ զինվորներ: Այդ պատճառով էլ վայրը նաեւ Զորաց քարեր է կոչվում:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2009թ. կայացված որոշմամբ «Զորաց քարեր» հնագիտական բնակատեղին արգելոց-մասնաճյուղի կարգավիճակով ներառվել է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում, իսկ  2010 թ. դեկտեմբերի 2-ի որոշմամբ` «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքը սահմանվել է  50 հեկտար:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ